
«Քաղաքացու ձայնը» մեդիա-հարթակի «Քաղաքացու ձայնը» հարղորդաշարի հերթական թողարկման ժամանակ քննարկվեց Թեղուտ բնակավայրի սոցիալական, բնապահպանական և առողջապահական խնդիրները։
Հաղորդմանը մասնակցում էին Թեղուտի բնակիչներ Մարտին Շախկյանը, Մհեր Մելքոնյանը, Կամո Հոբոսյանը, Արմեն Մկրտումյանը և իրավապաշտպան, «Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն» ՀԿ-ի նախագահ Օլեգ Դուլգարյանը։
Բնակիչները ահազանգում են՝ գյուղում խորանում է սոցիալական լարվածությունը։
Թեղուտ գյուղի բնակիչ Մարտին Շախկյանն ասում է՝ տարիներ առաջ իր ընտանիքի հիմնական զբաղմունքն ու եկամտի միջոցը գյուղատնտեսությունն էր, այգի էին մշակում, ստացած բերքը՝ վաճառում։ 2008 թ․ դատարանի վճռով այն ճանաչվեց գերակա շահ և անցավ «Թեղուտ» ՓԲԸ-ին։ «2018 թ․, երբ ընկերությունը չէր աշխատում, դիմեցի, ասի՝ տվեք այդ հողամասը մշակեմ, ապրեմ, գյուղում մնամ, չարագաղթեմ։ Ասին՝ հնարավոր չէ, այդ հողերը գտնվում է գրավի տակ։ Անցած տարի պարզ դարձավ, որ ընկերությունն է այդ հողերում գյուղատնտեսական աշխատանքներ կատարում։ Այն, ինչ ես էի անում, հիմա ընկերությունն է անում»: Մարտին Շախկյանը հավելում է՝ եթե գյուղատնտեսությամբ չեն կարողանում զբաղվել, ընկերությունը աշխատանքի չի ընդունում, այլընտրանքային զարգացման ուղիներ գտնելը շատ կարևոր է։ Ասում է՝ մեր պայքարը նա է, որ Թեղուտը չդառնա բնակավայր առանց բնակիչների։
Թեղուտի բնակիչ Մհեր Մելքոնյանը որպես այլընտրանքային գործունեության ճյուղ 2017 թ․ ազնվամորու այգի է հիմնել։ Սակայն ծրագիրը ձախողել է․ 2 տարի անց այգու 80 տոկոսը չորացել է փոշու և Շնող գետով ոռոգելու պատճառով։ «Ես ինձ համար ստեղծել էի այլընտանք, ազնվամորու այգի էի ստեղծել, զբաղվում էի իմ այգով իմ բիզնեսով, բայց փոշու ու Շնող գետի աղտոտման պատճառով, որտեղ հանքի ու պոչամբարի թափոններն էին լցվում, իմ այգին չորացավ: Երկու տարի ջրել եմ Շնողի սարերից եկող ջրով, հետո ջրի քանակի խնդիր առաջացավ, չէր բավականացնում, այգին տուժում էր: Ջրեցի Շնող գետի ջրով, երկու տարի հետո այգին չորացավ»։
Աշխատատեղերից բացի կարևոր է նաև առողջությանը պատճառված վնասների փոխհատուցման խնդիրը,- ասում է Արմեն Մկրտումյանը․- «Փորձանմուշներ ենք տվել: Իմ 3 անչափահաս երեխաների մոտ մնկդեղի 10 և ավելի տոկոս պարունակություն է հայտնաբերվել։ Պահանջում ենք ընկերությունից թունավոր արտանետումները դադարեցնել, իրենց կողմից առողջությանը պատճառված վնասի փոխհատուցում և այլընտրանքային աշխատատեղեր»։
Որպես այլընտրանքային զարգացման հեռանկարային ուղղություն Կամո Հոբոսյանը մատնանշում է զբոսաշրջության ուղղությունը։ Ասում է՝ դրա համար բազմաթիվ նախադրյալներ կան, հիանալի բնություն, պատմական հնագույն հուշարձաններ։
«Այնպիսի բնություն, ինչպիսին այստեղ է, Հայաստանում այլ տեղ չկա: Թեղուտն իր շրջակայքով հարուստ է ճարտարապետական նշանակության հուշարձաններով: Թեղուտը՝ որպես բնակատեղի, ունի շատ հին պատմություն. կարող ենք գնալ 4-5 հազար տարի հետ: Դրա իրեղեն ապացույցները կան, պեղումների ժամանակ գտնվել են դամբարաններ 4700 տարվա պատմությամբ: Մի մասն ընկերության տարածքում է, մի մասը՝ տարածքից դուրս»: Ըստ Կամո Հոբոսյանի՝ խնդիր կա նաև վերականգնել ճարտարապեական այդ հուշարձանները։ Ասում է՝ Ձորիգեղի կամուրջը այժմ միակ հուշարձանն է, որ ամբողջական է, բայց այն ևս քանդվելու վտանգի տակ է։
Այլընտրանքային զարգացման հնարավորություններ ստեղծելը պետք է լինի հանքարդյունաբերական ընկերությունների որդեգրած քաղաքականության հիմքում,-ասում է «Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն» ՀԿ նախագահ Օլեգ Դուլգարյանը,- հակառակ դեպքում սոցիալական լարվածությունը միշտ լինելու է։ Կարելի է ֆոկուս-խմբային քննարկումների միջոցով պարզել, թե բնակիչները ինչ են ուզում և ինչ հնարավորություններ ունեն գյուղը զարգացնելու համար, այդ հարցում «Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն» ՀԿ-ն պատրաստակամ է աջակցել։ Պետք է քննարկել, թե ինչ են ուզում և ինչ կարող են ստեղծել բնակիչները, որպեսզի, երբ հանքի պաշարները սպառվեն, գյուղը կարողանա զարգանալ։ Ասում է՝ նման քննարկումները պետք է հանրային ձևով իրականացնել։ Ըստ իրավապաշտպանի՝ որպես տնտեսության զարգացման այլընտրանքային ճյուղ կարող է լինել օրինակ ջերմոցային տնտեսությունների ստեղծումը, քանի որ, դա փոքր հողակտորի վրա մեծ քանակի բերք ստանալու լավ հնարավորություն է։ Ասում է՝ մեծ է նաև պետության դերը սոցիալ-էկոլոգիական ծրագրեր իրականացնելու գործում։ Ասում է՝ պետությունը պետք է այնպիսի ծրագրեր իրականացնի, որոնք կնպաստեն բնակիչների սոցիալ-տնտեսական զարգացմանը։ Այժմ հանքարդյունաբերական համայնքներում իրականացվող ծրագրերը հիմնականում ենթակառուցվածքների զարգացման ծրագրեր են, ոչ թե՝ սոցիալ-տնտեսական։ Կարևոր է նաև այն, որ նման ռիսկային գոտում ապրող բնակիչները ունենան առողջության ապահովագրություն։ «Որպեսզի եթե առողջական խնդիր առաջանա, կարողան այդ հարցերը լուծել, ոչ թե լինի Ալավերդու և Մեծ Այրումի այն բազմաթիվ բնակիչների նման, ովքեր ունեն առողջական խնդիր և ամբողջ այդ բեռը ընկած է իրենց վրա և իրենք ապրում են պոչամբարի անմիջական հարևանությամբ։ Պետք է լրջորեն ուսումնասիրվի շրջակա միջավայրի աղտոտվածության և մարդկանց առողջության վատթարացման պատճառահետևանքային կապը: Մինչդեռ ընկերությունները կասկածի տակ են առնում հետազոտության արդյունքները: Ոչ թե քաղաքացին պիտի ապացուցի, այլ ընկերությունը, որ տվյալ վնասը չի տալիս: Բոլոր համայնքերում բնապահպանական, սոցիալական և առողջական խնդիրներ կան: Հնարավոր չէ այդ համայնքում ունենալ բնապահպանական խնդիր և չունենալ առողջական խնդիր և՝ հակառակը»,- նշեց նա:
2021թ. չեխական «Առնիկա» քիմիական անվտանգության ՀԿ-ն հետազոտություններ է իրականացրել հանքարդյունաբերության՝ մարդու առողջության և շրջակա միջավայրի վրա ունեցած ազդեցության վերաբերյալ: Թեղուտի պղնձամոլիբդենային հանքավայրի և Թեղուտի պոչամբարի ազդեցության տակ գտնվող բնակավայրերից վերցված փորձանմուշների վերլուծության արդյունքները տեղի բնակիչներին խիստ մտահոգվելու պատճառ են տվել: Հողի բոլոր նմուշներում մկնդեղի (As), պղնձի (Cu), նիկելի (Ni) և քրոմի (Cr) կոնցենտրացիաները գերազանցել են Հայաստանում սահմանված չափանիշներով սահմանային թույլատրելի կոնցենտրացիաները: Գետային նստվածքներում, որտեղ լցվել են պոչամբարից արտահոսքերը, բացահայտվել է մկնդեղի և քրոմի (համապատասխանաբար 10 և 41 մգ/կգ), ինչպես նաև նիկելի (38 մգ/կգ), պղնձի (216 մգ/կգ) և ցինկի (101 մգ / կգ) բարձր պարունակություն:

